Վ.Ծաղկավան
Մակերես` 15.5կմ2
Բնակչություն` 953 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Գյուղը բավականին երիտասարդ է, այն հիմնադրվել է 1900թ.-ին, հարևան Վարագավանից տեղափոխված բնակիչների կողմից։ Ունենալով բնակլիմայական բարենպաստ պայմաններ և ոռոգման ջուր գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ գյուղմթերքների արտադրության բնագավառում բարձր արդյունքներ են ապահովել։
1. Հեռավորությունը Երևանից՝191 կմ, մարզկենտրոնից՝ 58 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 8 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29C է, ձմռանը` -3
4. Բնակչության թիվը՝ 953 մարդ, 263 ընտանիք
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն:
Շխմուրադ
Անտառի խորքում ծվարած կիսավեր վանքը, որն այսօր էլ հիացնում է իր մասունքներով, Շխմուրադ է կոչվում: Ուղիղ և զառիթափ արահետները տանում են դեպի Շխմուրադի վանքային համալիրը, որը գտնվում է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից 6-7 կմ դեպի արևմուտք՝ Հախում գետի ձախ ափին:
Ծաղկավան գյուղի մոտ է Շխմուրադի վանքային համալիրը (XII-XIIIդդ.)`մոխրագույն ֆելզիտից՝ կազմված եկեղեցուց (1184թ.), մատուռից և երկու գավթից։
Եկեղեցին (1181թ.) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է։ Արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։ Համալիրի հարավ-արևելքում կիսավեր, միանավ մատուռն է: Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը։
Ունի մեկ ավագ և չորս միմյանց վրա շինված փոքր խորան, երկու դուռ՝ արևմտյան և հարավային կողմերից:
Շխմուրադը ժամանակին եղել է այս տարածքի բնակչության համար մշակութային, կրթական կենտրոն, նշանավոր ուխտատեղի:
Վանքային համալիրը ունեցել է նաև շրջապարիսպ և միաբանների խցեր, որոնք այժմ քանդված են:
Գյուղի տարածքում պահպանվել են նաև ամրոցների ավերակներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ։
Վանքի արևելյան կողմում կա Շխմուրադ անունով գերեզմանատուն: Վանքի տարածքը հարուստ է խաչքարերով:
Վանքում մի ժամանակ հավատարմության երդում են տվել նորապսակները, պատերը արձագանքել են մկրտվող մանկան և պատարագի ձայներին: