Չինչին



Մակերես` 10.8կմ2
Բնակչություն` 646 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա: Առաջին ընտանիքները Թովուզ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877թթ.: Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885թ., իսկ մինչ այդ եղել է Թովուզ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց:
1885թ. գյուղում բնակվում էր ընդամենը երեք ազգատոհմեր: Այդ թվականին գյուղն ունեցել է 39 բնակիչ: Արդեն 1939թ.՝ 1147, 1980թ. հունվարի 1-ի դրությամբ 255 ընտանիք 859 բնակիչներով, որոնք զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ և բուսաբուծությամբ: 
Գյուղի դպրոցը հիմնադրվել է 1914թ. Մելիք Կիրակոսյանի կողմից:
1. Հեռավորությունը Երևանից՝ 195 կմ, մարզկենտրոնից՝ 62 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 1290 մ 
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23C է, ձմռանը` -2C 
4. Պատմամշակութային կոթողներ՝ Կապտավանք եկեղեցի, հնավայրեր, խաչքարեր
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն:


Կապտավանք

Չինչին գյուղի հարավ-արևմտյան մասում գտնվող վանքային համալիրից կանգուն է մնացել միայն Կապտավանքը: 
Երբեմնի վանական համալիրից կանգուն է մնացել միակ եկեղեցին, որի հարավային և արևմտյան ճակատներին կից պահպանվել են գավթի և այլ կառույցների հետքեր։ 
Եկեղեցին արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր դահլիճ է։ Այն կառուցվել է 12-րդ դարի կեսերին և, համաձայն արևմտյան պատի արձանագրության, օծվել է 1151թ.-ին: Արձանագրություններում այն հիշվում է ս. Աստվածածին անունով։ Կառուցված է կապտավուն երանգի կոպտատաշ և անմշակ կրաքարով, և հավանական է, որ քարի գույնից էլ ստացվել է իր անվանումը` Կապտավանք։ Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով, գմբեթավոր հորինվածք ունի: Մուտքերը հարավից և արևմուտքից են: Կառուցված է կոպիտ տաշված ֆելզիտից: Գմբեթի թմբուկի վերին շարքի և քիվի վրա որպես զարդաքանդակ փորագրված են խաչեր: Եկեղեցու ներսում գտնվում են խաչքարերի մեծ թվով բեկորներ` պատված բուսաերկրաչափական զարդամոտիվներով։ Աչքի է ընկնում դրանցից մեկի վրա պահպանված միահյուսված զույգ թաղումների պատկերաքանդակը։ Վանքը ժամանակին եղել է պարսպապատ, իսկ շուրջր տարածվել է հին բնակատեղի, որը չի պահպանվել։ Եկեղեցուց մոտ 50 մ հարավ-արևելք գտնվում է հին գերեզմանոց։ Վերջինից մի փոքր հյուսիս պահպանվել են երեք կրահորեր։ Իսկ մոտ 1 կմ հարավ-արևմուտք անդնդախոր ձորերը եզերող անառիկ ժայռազանգվածներում կան կրաշաղախով և անմշակ քարերով ամրացված թաքստոցներ։
Վանքի տարածքը հարուստ է  բնական և պատմամշակութային ռեսուրսներով` խաչքարեր (13-17դարեր), գերեզմանոցներ (13-18դարեր), քարայրեր, բնակատեղիներ, կիկլոպյան ամրոցի մնացորդներ, որոնց նպատակային և խելամիտ օգտագործումը կնպաստի տարածաշրջանի ճանաչողական արժեքի մեծացմանը, զբոոսաշրջության զարգացմանը:
Գյուղացիները պատմում են, որ վանք այցելողների թիվն ամռան ամիսներին մեծանում է:

Այցելուների թվում առանձնանում են օտարերկրացի հնագետներ, զբոսաշրջիկներ, պատմաբաններ և հասարակ մարդիկ, որոնք այցելում են ճանաչողական, սիրողական նպատակներով: Ուխտավայր համարվելուց բացի Կապտավանքը քեֆ-ուրախությունների, ժամանցի վայր է ընկալվում տեղացիների, հատկապես ամռանը մեզ մոտ ժամանած մոսկվայաբնակ մեր հայրենակիցների  համար: Կապտավանքը ստեղծագործողների համար ներշնչանքի աղբյուր է՝ գորգագործություն, ասեղնագործություն, գեղանկարչություն: 
Չինչին գյուղի շրջակայքում պահպանվել են խաչքարեր (XIII-XVIIդդ.), գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանոցներ (XIII-XVIIդդ.), քարայրեր, ամրոց:


Ղուզանի քար
 
Գտնվում է Չինչին գյուղի մոտակայքում: Այն իրականում դեպի անդունդը մխրճվող, մոտ 200մ բարձրություն ունեցող հսկա ժայռ է: Ոչ մի լուսանկար չի կարող փոխանցել այս սարսռազդու ժայռի իրական պատկերը, քանի որ, ժայռն ամբողջովին լուսանկարել հնարավոր չէ: Ամենուր միայն կտրուկ գահավիժող ժայռեր են՝ կարծես ինչ որ մեկը հսկա դանակով կիսել է ժայռը երկու մասի, մի մասը վերցրել իր հետ, իսկ մյուսը թողել ձորի պռնկին: Բազմաթիվ ավանդազրույցներ կան այս գեղատեսիլ, բայց սարսռաշատ քարաժայռի հետ կապված: Ըստ պահպանված մի ավանդության ժայռը Ղուզանի քար անվանումն ստացել է Ռուզան անունով մի դեռատի աղջկա ինքնասպանությունից հետո՝ աղջիկն իրեն քարից ցած է նետել պարսկական արշավանքների ժամանակ, Շամշադինը ասպատակող պարսիկ խուժանի ձեռքը չնկնելու նպատակով: Ըստ մյուս վարկածի Ղուզան նշանակում է հով, ստվերոտ տեղ: Այստեղ մոտակա գյուղերի հովիվները արածեցնում են ոչխարներին և պաշտպանվում կեսօրվա տապից: Գուցե այսպես է, գուցե ոչ, բայց տեղանքը շարունակում է մնալ տեղի բնակչության սիրելի վայրերից մեկը, չնայած այն բանին որ պարբերաբար անզգուշության հետևանքով մարդիկ են ժայռից ընկնում ներքև՝ չավարտվող, մահ խոստացող ժայռակտորների վրա: Ասում են ժայռին երկար նայողն էլ զգում է, թե ինչ մոգական ուժով է դեպի իրեն ձգում ժայռը, նայում ես ու էլի նայելու, ավելի ներքև նայելու ցանկություն է առաջանում: Գուցե իր անունը քարին թողած աղջիկն էլ իրականում ոչ մեկից փախչելիս չի եղել, գուցե նրան էլ հմայել, գերել է ժայռի՝ իր մոտ կանչող հայացքը, գուցե նետվել է՝ ցածում փնտրելու ժայռի մոգական ուժի գաղտնիքը: