Չինարի
Մակերես` 9.6կմ2
Բնակչություն` 1256 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
XIX դարի կեսերից սկսել է առանձնանալ Ղուլալի /այժմ՝ Այգեձոր/ գյուղից: Որպես առանձին բնակավայր հիշատակվում է 1880 թվից, լինելով Ղուլալիի համայնքի կազմում: Ինքնուրույն համայնքի կարգավիճակ է ստացել XX դարի սկզբին: Գյուղի վարչական տարածքում է գտնվում XIII դարի սկզբին կառուցված նշանավոր Խորանաշատի վանքը: Չինարիի կոլեկտիվ տնտեսությունը կազմավորվել է 1931թ., հողի սեփականաշնորհման հետևանքով լուծարվել՝ 1993թ.:
1. Հեռավորությունը Երևանից՝ 235 կմ, մարզկենտրոնից՝ 102 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Խորանաշատ եկեղեցի
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն:
Խորանաշատ վանական համալիր
Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք: Հիմնել է Վանական Վարդապետը Վահրամյան իշխանների աջակցությամբ XIII դարի առաջին կեսին: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը և երկու գերեզմանոցները: Համալիրը շրջապատված էր պարսպապատերով (այժմ կիսավեր):
Վանքի գլխավոր կառույցը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1211-1222թթ.: Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, և միաժամանակ տարբերվում է նմանատիպ կառույցներից: Եկեղեցու անսովոր լայն կիսաշրջան ավագ խորանը մասնատված է 14 խորշերով: Խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները:
Արևմտյան կողմից եկեղեցուն կցված է քառասյուն կենտրոնակազմ գավիթը (1222-1240թթ.): Նրա արևելյան պատը մասնատված է 12 կիսաշրջան խորշերով: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում գավթի ծածկը: 3 զույգ կամարները փոխադարձաբար հատվում են նրա կենտրոնական մասում պատկերելով վեց թևանի աստղ:
Համալիրի հարավային մասում գտնվում է Սբ.Կիրակի փոքր գմբեթավոր եկեղեցին (XIIIդ.): Նրա արևելյան կողմում մատուռի ավերակներն են, միջնադարյան գերեզմանը, որտեղ գտնվում է քանդակազարդ թևավոր խոշոր խաչքարը (ենթադրվում է, որ այն վանքի հիմնադիր Վանական Վարդապետի գերեզմանաքարն է) և բազմաթիվ տապանաքարեր:
Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր: Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արևելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին և այլոք:
Խորանաշատը եղել է նաև գրչության կենտրոն: Այստեղ գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանոում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում ստեղծվել է նաև Ավետարանի ձեռագիրը, որն ենթադրաբար գրվել է հնադարյան Արցախում, Ուտիքում: Այդ Ավետարանում նկարագրված «Խորհրդավոր ընթրիքը» նմանօրինակը չունի ( հիմա պահվում է գերմանիայի Հալլե քաղաքում):
Խորանաշատ վանքը գտնվում է սահմանամերձ տարածքում, որը հաճախակի է ենթարկվում գնդակոծության ադրբեջանական կողմից:
2012 թ. հանդիսավոր կերպով Հայոց ազատամարտին նվիրված հուշարձանի բացումը տեղի ունեցավ Չինարի գյուղում: