Վարագավան

Մակերես` 11.4կմ2
Բնակչություն` 672 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, 1920-70թթ. անվանվել է Հախում՝ գյուղի միջով անցնող գետակի անունով։ 1970թ. գյուղի մոտ գտնվող 12-րդ դարում կառուցված ՙՆոր Վարագավանք՚-ի անունով գյուղը վերանվանվել է Վարագավան։  
1. Հեռավորությունը Երևանից՝ 182 կմ, մարզկենտրոնից՝ 49 կմ,  ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 800 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +32C է, ձմռանը՝ 0-ից +2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Նոր Վարագավանք - կառուցվել է XIII դ., սբ.Գրիգոր Լուսավորիչ - կառուցվել է XIXդ. գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն,  պտղի վերամշակում: 

Նոր Վարագավանք

Գյուղից 1,5 կմ հյուսիս՝ անտառապատ լանջին, կանգնած է  Նոր Վարագավանք միջնադարյան վանքային համալիրը: Ի պատիվ Վանքային համալիրի՝ գյուղը կոչվում է Վարագավան, գետը՝ Վարագաջուր:

Այն հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը 1193-1198թթ.-ին՝ կառուցելով վանքի հնագույն՝ Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը: Դեղնագույն սրբատաշ քարից շինված եկեղեցին թաղածածկ դահլիճ է և պատկանում է հայկական երկաբսիդ եկեղեցիների հազվադեպ տիպին: Ուշագրավ է շքամուտքը՝ զարդարված դռան երկու կողմերում քանդակված խաչքարերով: Անապատ եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ տապանատունը, հարավից՝ միանավ փոքր մատուռը, իսկ արևմուտքից՝ գավիթը (ծածկը և հարավային պատը չեն պահպանվել):
Վանքի հյուսիսային կողմում կանգուն է Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Դավիթ իշխանի որդի Վասակ Բ, 1224-1237թթ.-ին: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գլանաձև բարձր թմբուկով գմբեթով եկեղեցու բեմի աբսիդը լուսավորվում է զույգ լուսամուտով: Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից: Վերջինը շքեղ է, հարդարված խճանկար հիշեցնող մուգ մանուշակագույն և բաց կապույտ աստղաձև, շեղանկյուն և վեցանկյուն եզրագիծ ունեցող, կենդանակերպ ու բուսական չկրկնվող քանդակազարդ քարերով:
Եկեղեցուն արևմուտքից կից է 1237-1261թթ.-ին վանքի վանահայր Հովհաննես Տուեցու կառուցած խոշոր, ուղղանկյուն գավիթը, որի ծածկը ամբողջովին քանդված է:
Համալիրի պարսպից 200մ հյուսիս միաբանության գերեզմանոցն է՝ փոքրիկ մատուռով: Վանքը ունեցել է ջրմուղ (ըստ արձանագրության կառուցել է ոմն Շառա, 1253թ.-ին): Սկզբում Անապատ կոչվող մենաստանը XIIIդ. վերանվանվել է Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի հրոսակներից հալածված, վերցնելով հռչակավոր «Սուրբ Նշանը»՝ 1237թ.-ին տեղափոխվել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության այս հոգևոր կենտրոնը:Կատարվում է վանքի վերանորոգման աշխատանքներ:

Աղջկա մատուռ
Գտնվում է Նոր Վարագավանքից վեր, անտառի մեջ:
Ըստ ավանդության, այն կառուցվել է մի աղջկա գերեզմանի վրա, որ զոհ է գնացել վանական համալիրի շինարարության ժամանակ:


Գեղեցիկ ավանդույթ է դարձել նաև Վարագա սուրբ խաչի տոնը:

-Նման  միջոցառումներն առաջին հերթին կոչված են զորացնելու մեր ժողովրդի հավատը: Մեր ժողովուրդը սահման պահող  ժողովուրդ է, ուստի կարևոր է՝ զորավոր հավատք ունենա, քանի որ անհավատ և անաստված մարդը չի կարող ուժեղ լինել և չի կարող դժվարություններին դիմակայել: Վարագա սուրբ խաչի տոնը առաջին հերթին միասնության տոն է: Այդ օրը հանրապետութան տարբեր մարզերից, հարևան երկրներից  ընտանիքներ,  խմբեր են գալիս իրենց աղոթքն ուղղելու առ  Աստված: Գովելի է, որ տոնը կարողանում  է համախմբել ամենքին,-ասում է տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը:
Տոնի հիմքը հանդիսանում է Քրիստոսի խաչափայտի մասունքը` բերված Վասպուրական նահանգի Վարագավանքի վանահայր Ղուկասի կողմից: Ի պատիվ Վարագա խաչի մասունքի՝ վանական համալիրը անվանվում է Նոր Վարագավանք: 2004 թվականից սկսած՝ ամեն տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասունքը մեծ հանդիսավորությամբ և շուքով բերվում է Նոր Վարագավանք: Մատուցվում է սուրբ պատարագ: Տոնախմբության ավարտից հետո մասունքը տեղափոխում են Էջմիածին:




Վարգավանում է թաղված ռուս-պարսկական պատերազմների հերոս, արքեպիսկոպոս Գրիգոր Մանուչարյանը, որի գերեզմանը դարձել է սրբատեղի: Գյուղի բնաակչության մեծամասնությունը կրում է Մանուչարյան ազգանունը:

Հախումի ջրամբար 

Շրջանում կառուցված վերջին ջրամբարն է։ Գտնվում է Պառավաքար գյուղի մերձակա հատվածում՝ Վարագաջուր գետի վրա։ Ոռոգում է 1800 հա հողատարածություն։ Ջրի ծավալը 12 մլն մ3։